ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՈՒՂԻՆ»

«ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՈՒՂԻՆ»
27.10.2009 | 00:00

«Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ չիրականացնելու պատճառով ավարտական դասարանների աշակերտների գերակշիռ մասը ծանոթ չէ մասնագիտություն-զբաղմունք-աշխատաշուկա հասկացություններին, մասնագիտությունն ընտրում է չգիտակցված, չի պատկերացնում իր ապագա կարիերայի ուղին։ Այսօրվա աշակերտը, ամենայն հավանականությամբ, վաղը կարող է լրացնել գործազուրկ երիտասարդների առանց այն էլ խիտ շարքերը (ըստ տարբեր վիճակագրությունների` երիտասարդների շրջանում գործազրկությունը 43-58 տոկոս է)։ Առավել մտահոգիչ են մարզային երիտասարդների կրթության և զբաղվածության ցուցանիշները. դպրոցականներն ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք մարզում պահանջարկված չեն, միևնույն ժամանակ շատ աշխատատեղեր ամիսներով մնում են թափուր՝ համապատասխան որակավորման մասնագետներ չունենալու պատճառով»,- մեզ հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն ՀԱՅԿՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։
Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնն ունի երկու հիմնական ուղղություն. դպրոցականներին օգնել, որպեսզի ընտրեն իրենց անձնական որակներին և աշխատաշուկայի պահանջարկին համապատասխանող մասնագիտություն, և ուղղորդել երիտասարդներին կարիերայի հարցում, որպեսզի անցումը կրթությունից դեպի աշխատաշուկա ավելի հեշտ ու սահուն լինի։
Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կրթությունը չի բավարարում աշխատաշուկայի պահանջները։ Ըստ Հ. Գևորգյանի, պատճառն այն է, որ աշխատաշուկան իր արտացոլումը չունի կրթական ոլորտում, գործատուն ներկայացված չէ կրթական համակարգում։ «Եթե ուսումնասիրենք արտասահմանյան երկրների փորձը, ոչ մի տեղ նման անտարբերություն չենք տեսնի գործատուների կողմից կրթության նկատմամբ կամ հակառակը,- ասում է նա։- Սակայն վերջին երկու տարիներին մենք բավականին առաջընթաց ունենք։ Մասնավորապես, միջին մասնագիտական կրթության համակարգի հաստատություններում ստեղծվեցին կառավարման խորհուրդներ, որոնցում սոցիալական գործընկերության սկզբունքով ներգրավված են նաև գործատուները։ Եվ օրինակներ կան, որ, իսկապես, գործատուները մտել են ուսումնական հաստատություն ու ներկայացրել իրենց խնդիրները։ Սակայն նույնը չեմ կարող ասել բարձրագույն կրթության ոլորտի մասին։ Այսօր բարձրագույն կրթությունն իսկապես չի տալիս աշխատաշուկայի համար պահանջարկված երիտասարդ մասնագետներ։ ՈՒնենք որոշ օրինակներ, բայց դրանք համատարած չեն։ Գիտեմ ոչ պետական բուհեր, որտեղ գործատուն հենց ինքն է դասավանդում, և դա շատ գովելի է։ Ամբողջ աշխարհում այդ փորձը կիրառվում է. գործատուն, մտնելով կրթական համակարգ, դասավանդում է, աջակցում, ներկայացնում իր պահանջները»։
Դպրոցներում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ բավականին շատ հակասություններ կան շրջանավարտի մասնագիտություն ընտրելու հարցում։ «Մենք եղել ենք ավելի քան 20 դպրոցներում, անցկացրել ենք շարունակական դասընթացներ, և պարզվել է, որ աշակերտներն ընտրում են իրավաբանի, տնտեսագետի, բժշկի, դիզայների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտությունները, սակայն նրանց արժեքային համակարգը չի համապատասխանում այդ մասնագիտություններին։ Այսինքն՝ նրանք գնում են ոչ թե կայուն, բարձր աշխատավարձ ենթադրող, հարգված աշխատանք ընտրելու ճանապարհով, այլ նրանց պարզապես այդ մասնագիտությունների անունն է դուր գալիս։ Նրանց մոտ բացակայում է մասնագիտության հստակ պատկերացումը։ Եվ դրա ամենամեծ պատճառն այն է, որ դպրոցականը չգիտի իր ընտրած մասնագիտության նկարագրությունը»,- նշում է Հայկուհի Գևորգյանը, հավելելով, որ այսօր մասնագիտական կողմնորոշման աշխատանքը պետք է տարվի ոչ միայն աշակերտի, ուսանողի, այլև նրանց ծնողների հետ։ Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ նման աշխատանքներում ընդգրկվում են նաև ծնողները, որովհետև վերջիններս երեխաների վրա ազդեցություն ունեցող առաջին օղակն են։
Նա նշում է, որ իրենք այսօր դժվարանում են ստուգել իրենց աշխատանքի արդյունավետությունը, քանի որ երկրում չկա մասնագիտական կողմնորոշման միասնական համակարգ։ «Պետք է գոնե 4-րդ դասարանից երեխայի հետ աշխատանքներ տանել, որ նա մոտավոր պատկերացում կազմի մասնագիտությունների մասին։ Հետո արդեն մեր ծառայությունները նրան հստակ կուղղորդեն դեպի աշխատաշուկա։ Այդ դեպքում մենք կկարողանանք ասել, թե երեխան ինչ էր ուզում և ուր է գնում։ Բայց, հավատացեք, 3 դասաժամի ընթացքում երեխային հնարավոր չէ տալ հստակ տեղեկություն։ Այդ ընթացքում մենք հասցնում ենք տալ ընդամենը տերմինների բացատրությունը՝ ինչ են մասնագիտությունը, զբաղմունքը, աշխատաշուկան, ծանոթացնում ենք միջին մասնագիտական կրթական և բուհական համակարգերի առավելություններին»։
Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնն արդեն ունի մեթոդական լուրջ ներուժ, փորձառություն ունեցող մասնագետներ, սակայն իրավիճակն այնպիսին է, որ կենտրոնը միայնակ չի կարող արդյունքների հասնել: Անհրաժեշտ են որոշ քայլեր, որոնք կնպաստեն դպրոցներում մասնագիտական կողմնորոշման միասնական համակարգի ներդրմանը և կհամակարգեն աշխատանքները գործընկեր կառույցների միջև: Մասնավորապես, առկա է սոցիալական հարցերի և ՀՀ կրթության ու գիտության նախարարությունների միջև համագործակցության հուշագիր մշակելու հարցը, համաձայն որի դպրոցների ուսուցիչները համապատասխան վերապատրաստում կանցնեն մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կատարման ուղղությամբ և կպարտավորվեն հետևողական աշխատանքներ տանել դպրոցներում:
Նշենք, որ 2008-ին կենտրոնի ծառայություններից Երևանում ու մարզերում օգտվել են 1549 դպրոցական և երիտասարդ։ 2009-ին կենտրոնը նախատեսում է աշխատանք տանել 5000 շահառուի հետ։ Տարեսկզբից մինչ օրս մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայություններ է ստացել շուրջ 3500 դպրոցական ու երիտասարդ։ Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում նաև ծնողների ու աշակերտների հետ աշխատող մասնագետների շրջանում։
Կարիերայի ուղղորդման և մասնագիտական կողմնորոշման ծառայություններն իրականացնում են դեռահասների կարողությունների, ունակությունների և հակումների բացահայտում, մասնագիտությունների ընտրության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ